Fri. Apr 19th, 2024

Արցախի նախագահի նախկին թեկնածու Բելլա Լալայանը ֆեյսբուքյան իր էջում հունիսի 3-ին գրառում էր կատարել՝ հայտնելով, որ Ստեփանակերտի օդանավակայանում մզկիթ է կառուցվել։ Նա նաև մի լուսանկար էր կցել գրառմանը:

Լալայանի հրապարակումը մեծ արձագանք էր ստացել: Շատերը կասկածի տակ էին դրել՝ արդյո՞ք նկարն արված է Ստեփանակերտում, և արդյո՞ք դա մզկիթ է։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձել է պարզել այս հարցերի պատասխանները։

Fip.am-ը կապ հաստատեց նաև Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հոգևոր առաջնորդ Անդրեաս քահանա Թավադյանի հետ, որը հաստատեց, որ ռուս խաղաղապահների համար Ստեփանակերտի օդանավակայանում և՛ եկեղեցի, և՛ մզկիթ է կառուցվում:

«Եկեղեցու կառուցումը, կարծես թե, հուլիսին ավարտված է լինելու: Դրա կողքին էլ փոքրիկ մզկիթ են կառուցում մուսուլման ծառայողների համար: Իրենց բանակը բազմազգ ու բազմակրոն է՝ Դաղստանից, Չեչնիայից ահագին մարդիկ կան ծառայող: Չի լինի միայն եկեղեցի կառուցել, և որպեսզի բոլորին հոգևոր իմաստով բավարարեն, երկուսն էլ կառուցում են»,- նշեց Անդրեաս քահանա Թավադյանը:

Հատկանշական է, որ ռուսական լրատվամիջոցները գրել էին Ստեփանակերտում մզկիթի կառուցման մասին դեռ ամիսներ առաջ:

Մասնավորապես, Российская Газета-ն մարտի 31-ին Արցախում խաղաղապահների ավանի մասին հոդվածում անդրադարձել էր նաև տարածքում եկեղեցու և մզկիթի կառուցմանը:

Եկեղեցին այդ պահի դրությամբ կառուցված չէր և, ըստ նյութի հեղինակի, այն պատրաստ պետք է լիներ ամռան վերջում:

«Եկեղեցու կողքին կառուցվել է մզկիթ: Տեղի բնակիչները զարմացել են. մզկիթն ինչո՞ւ է պետք: Սակայն նրանց բացատրել են, որ խաղաղապահների շարքում ծառայում են տարբեր կրոնների ներկայացուցիչներ: Եվ դա քաղաքական կոռեկտության հարց չէ, այլ ուղղակի անհրաժեշտություն […] Ինչո՞ւ մուսուլմանը չի կարող նամազ անել դիրքեր գնալուց առաջ: Այս ամենը բացատրելուց հետո  բնակիչները համաձայնվեցին»,- նշված էր հոդվածում:

Այսպիսով, տեղեկությունները, որ Ստեփանակերտում մզկիթ է կառուցվում, համապատասխանում է իրականությանը: Այն կառուցում է ռուսական խաղաղապահ առաքելությունը՝ մուսուլման ծառայողների համար:

Լուսինե Ոսկանյան

By admin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *